Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

«Ամեն ինչին պատրաստակամ լինելու մեր այս դիվանագիտությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր սադրանքները»

«Ամեն ինչին պատրաստակամ լինելու մեր այս դիվանագիտությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր սադրանքները»
27.01.2014 | 15:01

«Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում դիվանագիտական դեմարշի հնարավորություն ուներ, որը չօգտագործեց: Կարծում եմ, ճիշտ պահը, ցավոք, մենք չօգտագործեցինք: Իհարկե, ռազմական գործոնը չպետք է միակ սաստող մեխանիզմը լինի: Ադրբեջանը, փաստորեն, նման քայլերով սպառնալիքի տակ է դնում այն ջանքերը, այն ժամանակը, որ ծախսվել է հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Լարվածության այս վիճակը դեռևս պատերազմի սպառնալիք չէ, սա լոկալ անհանգստություն է, որ կա թե՛ հայկական կողմում, թե՛ ադրբեջանական: Բաքվում զգում են այն սահմանագիծը, որից այն կողմ կարող է վտանգավոր լինել, փորձում են չանցնել այն: Մեր խնդիրը պետք է լինի այդ սահմանի ավելի նեղացումը»,-այսօր «Հենարան» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Ղարաբաղյան հակամարտությանն ուղղված հանդիպմանը, կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ` շեշտելով, որ սահմանին կրակոցներն ու դիվերսիոն գործողությունները, որ տեղի ունեցան նախարարների հանդիպման օրը, պատահական չէին: «Սահմանին տեղի ունեցած կրակոցները, դիվերսիոն գործողությունները,հասկանալի է, զուգադիպություն չէին, այլ քայլ էին` խանգարելու հերթական բանակցային փուլը: Կարծում եմ` մեր կողմը պետք է ցույց տար, որ Հայաստանը միշտ չէ, որ պատրաստ է բոլոր պայմաններում բանակցելու. կա մի սահման, որից այն կողմ չենք գնա բանակցություններին և կարող ենք փաստացի ինքներս էլ դառնալ նախահարձակվող, ինչու չէ՝ նաև չբացառելով պատերազմի վերսկսման հնարավորությունը»,-նկատեց նա։ Քաղաքագետի կարծիքով, մեր դիվանագիտությունը պետք է ավելի շատ պահանջող լինի։ «Մենք մշտապես հանդես ենք գալիս բանաձևով, թե մեր դիրքորոշումը համահունչ է համանախագահների բանաձևի հետ և միշտ շեշտում ենք դա։ Բայց հենց մենք գիտակցենք, որ նույն համանախագահողները կորուստների նկատմամբ անտարբեր են, արդեն այդ քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջանա։ Ամեն ինչին պատրաստակամ լինելու մեր այս դիվանագիտությունը թուլացնում է մեր դիրքերը և հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր սադրանքները»,-ասաց նա` համոզմունք հայտնելով, որ, ի տարբերություն մեր բանակի, մեր դիվանագիտությունը թույլ է: (Հ.Մ.-Շահնազարյանը գտնում է, որ Ալիևը վերադառնում է այն քաղաքականությանը, որի նպատակը տարածաշրջանում լարվածություն պահելն է:)

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ